2021 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցավ ԱԺ հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի նիստը, որի շրջանակներում քննարկվեցին Հաշվեքննիչ պալատի կողմից 2020թ. պետական բյուջեի վեց ամիսների կատարման վերաբերյալ հաշվեքննությունների արդյունքները:
Նիստին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Հաշվեքննիչ պալատի անդամներ և հաշվեքննողներ, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ և այլ փորձագետներ: Նիստը նախագահում էր մասնագիտական ենթահանձնաժողովի նախագահ Եղիշե Սողոմոնյանը:
Նիստի հիմնական զեկուցմամբ հանդես եկավ Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը, ով ներկայացրեց ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից մշակված 2020թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննությունների ամփոփ վերլուծական տեղեկագիրը:
Իր զեկույցում, Կարեն Առուստամյանն անդրադարձավ հաշվեքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանություններին և խեղաթյուրումներին, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի կողմից ներկայացված առաջարկություններին:
Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննության առանձնահատկությունների վերաբերյալ ելույթով հանդես եկավ Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը:
Հարակից զեկույցներով հանդես եկան նախարարությունների ներկայացուցիչները, որոնք ներկայացրեցին հաշվեքննության ընթացքում Հաշվեքննիչ պալատի կողմից վեր հանված խնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ բացատրություններ և պարզաբանումներ:
Զեկույցներին հետևեցին ԱԺ պատգամավորների հարցերը նախարարարության ներկայացուցիչներին և հաշվեքննողներին:
Իր եզրափակիչ ելույթում՝ նիստը նախագահողը կարևորեց հաշվեքննության ընթացիկ եզրակացություններում հայտնաբերված խնդիրների հետագա մշտադիտարկում իրականացնելու եւ արդյունքներն ամփոփելու անհրաժեշտությունը:
Ծանոթություն: Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը կազմվում է հաշվետու տարվա պետական բյուջեի ֆինանսական և համապատասխանության հաշվեքննության միջոցով` օգտագործելով նույն տարվա պետական բյուջեի երեք, վեց և ինն ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները («Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենք, 27-րդ հոդված, 1-ին մաս):