Այսօր՝ մայիսի 22-ին, տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ անդրանիկ նիստը՝նվիրված ՀՀ հաշվեքննիչ պալատի՝ առողջապահության բնագավառում երկու հաշվեքննությունների եզրակացություններին,  մասնավորապես՝ «ՀՀ առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացման (բացառությամբ դեղատնային գործունեության լիցենզավորման) վերաբերյալ» և «ՀՀ առողջապահության նախարարության «առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերաբերյալ» :

Նիստին մասնակցում էին ՀՀ հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչները՝ պալատի նախագահ Լևոն Յոլյանի գլխավորությամբ, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները՝ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ, հրավիրված պատգամավորներ և այլ հետաքրքրված անձինք:

Նիստը վարում էին վերոնշյալ հանձնաժողովների նախագահներ Մանե Թանդիլյանն ու Նարեկ Զեյնալյանը:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լ. Յոլյանը ողջունեց նման ձևաչափով աշխատանքային հանդիպումների անցկացումը՝ կարևորելով Ազգային ժողովի հետ արձանագրված ռիսկերը քննարկելու, ապագայում դրանք կանխարգելելու և հանրության լայն շերտերին իրազեկելու գործընթացները։

 

Ըստ հանդիպման ձևաչափի՝ լիցենզավորման վերաբերյալ եզրակացության  կարծիքը և խնդրահարույց կետերը ներկայացրեց տվյալ հաշվեքննությունը համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամ Դ. Չիբուխչյանը, ով տեղեկացրեց, որ հաշվեքննությունն ընդգրկել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը: Առողջապահության նախարարությունը՝ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացում գործունեության տեսակի լիցենզավորման գործընթացներն իրականացրել է ՀՀ օրենսդրության որոշակի պահանջների անհամապատասխանությամբ: ԴՉիբուխչյանն իր ելույթում անդրադարձավ առավել ընգծված խնդիրներին, այն է՝ հաշվետու ժամանակահատվածում շուրջ 400 լիցենզավորված անձանցից 268-ը չեն ներկայացրել մասնագիտական որակավորման վերաբերյալ փաստաթղթեր: Ըստ ՀՀ լիցենզավորման կարգի` դրանք պետք է ներկայացվեն լիցենզավորված գործունեությունը սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ, ինչը, ըստ Դ. Չիբուխչյանի, լիցենզիայի գործողության կասեցման հիմք է:

 

Զեկուցողն անդրադարձավ նաև խնդիրների լուծման հնարավոր ճանապարհներին, ըստ այդմ՝ պալատն առաջարկել է առողջապահության նախարարությանը համապատասխան ընթացակարգերով կապ հաստատել պետական այլ մարմինների հետ՝ որպես երրորդ կողմի հաստատող, որպեսզի լիցենզավորման  գործընթացները առավել արդյունավետ համակարգվեն, ինչպես նաև ստեղծել տեղեկատվական բազա, որտեղ ամբողջական տեղեկատվություն կլինի որակավորած անձանց վերաբերյալ։

Հանդիպման երկրորդ մասում ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերաբերյալ եզրակացությունը ներկայացրեց հաշվեքննությունը իրականացնող 3-րդ վարչության պետ Գ. Հովեյանը։ Եզրակացությունը ներառում է 2017թ-ի հունվարի 1-ից մինչեւ 2018թ-ի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը:

Իր ելույթում Գ. Հովեյանը նշեց հաշվեքննության ընթացքում ի հայտ եկած առավել ուշագրավ փաստերը՝ համեմատվել են 167 անուն սարքավորումների, կահույքի, պարագաների ու մատակարարների կողմից ձեռք բերման գները, որի արդյունքում պարզվել է, որ տարբերությունը կազմել է 847,269.0 հազ դրամ: Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ եթե մրցույթների գնահատումը կատարվեր ըստ առանձին չափաբաժինների, այլ ոչ թե լոտերի, ապա անցկացված երեք մրցույթներում կտնտեսվեր 184,441.6 հազ. դրամ:          

 

Հաշվեքննիչ պալատը ՀՀ առողջապահության նախարարությանը ներկայացրել է նաեւ մի շարք առաջարկություններ, որոնք ընդունվել են եւ կիրառման փուլում են:

Հանձնաժողովների նախագահները շնորհակալություն հայտնեցին Հաշվեքննիչ պալատից հանգամանալից վերլուծության և բովանդակալից քննարկման համար՝ հույս հայտնելով, որ նմանատիպ քննարկումները կվերածվեն ոլորտում արդյունավետ գործընթացների խթանմանն ուղղված գործնական քայլերի։

 

 

 

Հինգշաբթի, Մայիս 23, 2019