Ապրիլի 26-28-ը Հաշվեքննիչ պալատը հյուրընկալել էր ԵՄ/ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագրի ներկայացուցիչներին՝ հանրային ֆինանսների կառավարման ծրագրի ավագ խորհրդատու Ալասթեր Սվարբրիքին և հանրային ֆինանսների կառավարման խորհրդատու Յուպ Վրոլիկին։ 

Հյուրերը հանդիպումներ են ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահի և անդամների, ԱԺ հանձնաժողովների ներկայացուցիչների՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ, Ֆինանսների նախարարի և այլ կառույցների ներկայացուցիչների հետ։

Պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով նախկինում կատարված համատեղ աշխատանքը, նշեց, որ Պալատի ինստիտուցիոնալ կարողությունների հետագա զարգացման ճանապարհով վերջինիս գործունեության բարելավումն անվերապահ առաջնահերթություն է։

Ալասթեր Սվարգրիքը հանդես եկավ ողջույնի խոսքով և անդրադառնալով ԵՄ/ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագրի և Հաշվեքննիչ պալատի միջև երկարաժամկետ համագործակցությանը, վերահաստատեց այդ հարաբերությունները շարունակելու և զարգացնելու հարցում իրենց ներդրումն ունենալու պատրաստակամությունը։

Անդրադարձ կատարելով այցի նպատակներին, Ծրագրի ավագ խորհրդատուն նշեց քննարկումների հիմնական ուղղությունները

1 Հաշվեքննիչ պալատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, առաջարկվող օրենսդրական փոփոխությունները

2 Հաշվեքննիչ պալատի հաղորդակցության ռազմավարության կառուցվածքն ու հնարավոր տարրերը։

Կողմերը քննարկեցին ՀՊ օրենքում առանցքային դրույթներում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։

Քննարկվեցին նաև ՀՊ հաղորդակցության ոլորտում զարգացման ակնհայտ խոչընդոտները, որոնց կանխարգելումը մեծ առաջընթաց կապահովի Հաշվեքննիչ պալատի թե՛ ներքին, և թե՛ արտաքին հաղորդակցության հարցում։

Քննարկման մասնակիցները հանդիպման ավարտին արձանագրեցին, որ Հաշվեքննիչ պալատի համար այս կարևոր ժամանակաշրջանում էական ազդեցություն ունեն թե՛ օրենսդրական փոփոխությունները, և թե՛ հաղորդակցության ռազմավարությունը։ Բարեփոխումների արդյունքում այդ երկու փաստաթղթերի ճիշտ կիրառումը կարող է հանդիսանալ զարգացման լոկոմոտիվի լրջագույն ազդակ։

Բովանդակալից և հագեցած քննարկումներ կայացան նաև օրակարգի երկրորդ օրը։ ՀՊ երկրորդ մասնաշենքում ԵՄ/ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագրի ներկայացուցիչներին ընդունեցին ՀՊ անդամներից Աբրամ Բախչագուլյանը, Արմեն Գևորգյանը և Եղիշե Սողոմոնյանը։ Հանդիպման ձևաչափը ենթադրում էր քննարկումներ ՀՊ օրենքի և հաղորդակցության ռազմավարության վերաբերյալ, մտքերի փոխանակում և հետագա քայլերի մշակում։

Պալատի անդամները ներկայացրեցին ՀՊ ձեռքբերումներն այդ երկու ուղղություններով և իրենց տեսլականները ներկայացնելով՝ խոսեցին նաև օրակարգով սահմանված ոլորտների զարգացման, իրենց պատկերացրած, հնարավոր ճանապարհների մասին։

Հաշվեքննիչ պալատը, լավագույն արդյունք ունենալու նպատակով, օրակարգով նախատեսել էր հանդիպումներ ՀՊ բոլոր թիրախային լսարանների ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի հետ։ Ծրագրի ներկայացուցիչները հանդիպեցին նաև լրագրողներին՝ որպես ՀՊ արտաքին հաղորդակցության թիրախային լսարան։

Միջոցառման վերջին օրը, ամփոփելով հանդիպումների արդյունքները, կողմերը պայմանավորվեցին նախանշված ժամկետներում քննարկել և ավարտին հասցնել Ծրագրի ներկայացուցիչների կողմից առաջարկվող աշխատանքային նախագծերը։

 

 

 

 

 

 

 

 

 

Ուրբաթ, Ապրիլ 29, 2022