2018 թվականի մայիսի 20-ին տեղի է ունեցել Հաշվեքննիչ պալատի արտահերթ նիստ։ Օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները

 

I. Նոր հաշվեքննությունների մասով

  1. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Հաշվի առնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատին ուղղված նախաքննական մարմնի գրությամբ ներկայացված տվյալներն ու հանգամանքները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունները և, հատկապես, տվյալ հարցի շուրջ ժամանակին, մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հանրության նկատելի պահանջը, Հաշվեքննիչ պալատն, առաջնորդվելով «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով, 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրում լրացում կատարելու մասին որոշում է կայացրել, որի համաձայն նախատեսվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2015-2017 թվականների ընթացքում կատարված գնումների գործընթացի նկատմամբ հաշվեքննություն իրականացնել։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել հաստատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կատարված գնումների գործընթացի նկատմամբ հաշվեքննության և ստուգման իրականացման առաջադրանքները։

  1. Հաշվեքննության համար անհրաժեշտ տեղեկատվության մատչելիության ապահովում

«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված է հաշվեքննության համար անհրաժեշտ տեղեկատվության մատչելիության ապահովման վերաբերյալ պահանջներ, որոնք պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու հիմնարկները պարտավոր են օրենքով սահմանված կարգով կատարել։ Մասնավորապես, պահանջվում է ապահովել էլեկտրոնային այնպիսի շտեմարանների առցանց հասանելիություն, որոնք առնչվում են պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցներին, ստացված փոխառություններին ու վարկերին, պետական և համայնքային սեփականության օգտագործմանը։

Տվյալ հաշվեքննության նպատակը բուն հաշվեքննության արդյունավետության բարձրացումն է, ինչպես նաև այդ մասով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ պահանջվող գործողությունների պատշաճ կատարման գնահատականն է։

Նկատի ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առանձնահատկությունները, տվյալ հաշվեքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով Հաշվեքննիչ պալատը GIZ կազմակերպության տեխնիկական աջակցությամբ համագործակցելու է «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» աուդիտորական ընկերության ներկայացուցիչների հետ։

Հաստատելով հաշվեքննության նոր թեմա, Հաշվեքննիչ պալատը, միաժամանակ, հաստատել է նաև տվյալ հաշվեքննության առաջադրանքը, ըստ որի թիրախավորվել են տանսյակից ավելի էլեկտրոնային շտեմարաններ, որոնք պատկանում են տարբեր պետական մարմիններին և Երևանի քաղաքապետարանին։

 

II. Հաշվեքննության մի շարք առաջադրանքներում փոփոխությունների և լրացումների մասով

Բացի այդ, հաշվեքննությունների արդյունավետության բարձրացման նպատակով Հաշվեքննիչ պալատը մի շարք հաշվեքննության առաջադրանքներում կազմակերպչական հարցերից ելնելով փոփոխություններ և լրացումներ է կատարել հաշվեքննության պաշտոնատար անձանց մասով։

Հաշվեքննիչ պալատը որոշում կայացրեց նաև Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում իրականացված շինարարական աշխատանքները հաշվեքննելու նպատակով լրացուցիչ ուժեր ներգրավելու և այդ մասով հաշվեքննության առաջադրանքում լրացումներ կատարելու մասին։

 

III. Հաշվեքննիչ պալատի պահպանման ծախսերի նախահաշվի մասով

Հաշվեքննիչ պալատի ֆինանսահաշվային գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ձեռք բերել հաշվապահական հաշվառման ավտոմատացված նոր ծրագիր։ Տվյալ կարիքը պայմանավորված է Հանրային հատվածի հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենսդրության նոր պահանջներից։

Այդ նպատակով Հաշվեքննիչ պալատը որոշում կայացրեց հոդվածային վերաբաշխում կատարել պալատին հատկացված բյուջետային միջոցների շրջանակներում։

 

IV. ԵԱՏՄ շրջանակներում համատեղ ստուգումների մասով

ԵԱՏՄ պայմանագրի 22-րդ հոդվածի համաձայն Հաշվեքննիչ պալատը միության անդամ երկրների Աուդիտի բարձրագույն մարմինների հետ համատեղ Միության բյուջեի ձևավորման, կառավարման և տնօրինման արդյունավետության, Միության գույքի և այլ ակտիվների օգտագործման արդյունավետության որոշման նպատակով իրականացնում է արտաքին աուդիտ։ Այդ նպատակով Հաշվեքննիչ պալատը որոշում կայացրեց հաստատել հաշվեքննության առաջադրանք։ Համատեղ աուդիտը մեկնարկելու է սույն թվականի սեպտեմբեր ամսից։

 

 

Երկուշաբթի, Օգոստոս 20, 2018