ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը մայիսի 23-ի ԱԺ հերթական նիստում ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
Հաշվեքննիչ պալատի նախագահն իր զեկույցում նշեց, որ հաշվետու տարում Հաշվեքննիչ պալատն ապահովել է իր գործունեության կատարումը, որը համահունչ է եղել արտաքին պետական հաշվեքննության գործառույթի առաքելությանը, այն է՝ նպաստել հանրային ունեցվածքի կառավարումը բարելավվելուն:
Միաժամանակ, Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ տարեկան հաղորդման մաս կազմող ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվեքննությունների շրջանակներում իրականացվել է 72 հաշվեքննություն թվով 18 պետական մարմիններում՝ ապահովելով պետական բյուջեի ծախսային մասի շուրջ 91,1 տոկոսի հաշվեքննության ծածկույթ:
Միաժամանակ, հաշվետու տարում Հաշվեքննիչ պալատի գործնեության ծրագրի երեք մասերով իրականացվել է 54 հաշվեքննություն. առաջին մասով իրականացվել է 40 հաշվեքննություն՝ 10 պետական մարմիններում, երկրորդ մասի ՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ ընտրված ծրագրային կետերի շրջանակներում՝ 11 հաշվեքննություն, իսկ միջազգային պայմանագրերով շրջանակներում ևս 3 հաշվեքննություն:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով հաշվեքննությունների արդյունքում ձեւավորված ընթացիկ եզրակացությունները սահմանված կարգով հրապարակվել են բոլոր այն դեպքերում, երբ չեն պարունակել օրենքով սահմանված գաղտնիք:
Հիմնական զեկուցողը տեղեկացրեց նաև, որ գործունեության ծրագրի առաջին մասով իրականացվող ծրագրային կետերը ֆինանսական և համապատասխանության հաշվեքննություններ են, իսկ երկրորդ մասի հաշվեքննություններից 2-ը՝ ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննություններ, 3-ը՝ միայն համապատասխանության, 5-ը՝ կատարողականի:
Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2022 թվականին Հաշվեքննիչ պալատը ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների շրջանակներում տրամադրել է 4 դրական եւ 1 ոչ լիարժեք եզրահանգում։
Հաշվեքննությունների արդյունքում 13 գերատեսչությունում արձանագրվել է 138 անհամապատասխանություն, 6 գերատեսչությունում՝ 26 խեղաթյուրում:
Հաշվեքննիչ պալատի նախագահը նշել է, որ հաշվեքննություններով տրամադրվել են թվով 66 առաջարկություններ, որոնք նպատակ են ունեցել նպաստել հանրային ֆինանսների եւ հանրային սեփականության կառավարումը բարելավելուն:
Հաշվեքննիչ պալատի նախագահը նաև անդրադարձ է կատարել նիստերի և ընդունված որոշումների վիճակագրությանը, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի 2020-2023 թվականների ռազմավարական ծրագրի շրջանակում ձեւակերպված նպատակների՝ 2022 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքին, համաձայն որի՝ հաշվետու ժամանակահատվածում պլանավորված 10 միջոցառումներից 8-ն ամբողջությամբ իրականացվել է, 2-ը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին:
Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին Հաշվեքննիչ պալատը նախագծել է իրավական դաշտի բարելավմանը միտված օրենսդրական նախագծերի փաթեթը եւ այն դրել է շրջանառության մեջ:
Անդրադառնալով իրավապահ մարմինների հետ համագործակցությանը՝ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու տարում հաշվեքննության նյութերով 6 առանձին ուղղություններով քրեական վարույթ է նախաձեռնվել իրավապահ մարմինների կողմից: Նա տեղեկացրել է, որ ըստ առաջնահերթությունների՝ համատեղ նիստերով մշտական հանձնաժողովների հետ կազմակերպվել են տարբեր քննարկումներ, որտեղ մանրամասն ներկայացվել են հաշվեքննությունների արդյունքները:
Հաշվեքննիչ պալատի 2022թ․ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: