2018 թվականի սեպտեմբերի 28-29-ը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը վրացի իր գործընկեր, Վրաստանի աուդիտի բաձրագույն մարմնի ղեկավար Իրակլի Մեկվաբիշվիլիի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում։

Կողմերը ստորագրեցին համագործակցության նոր համաձայնագիր, որով հայ և վրացի հաշվեքննողներն էլ ավելի սերտ կհամագործակցեն տեղեկատվության փոխանակման, փորձի փոխանցման, զուգահեռ և համատեղ հաշվեքննություններ անցկացնելու հարցերով։

Կողմերը ներկայացրեցին իրենց կառույցներում ընթացող բարեփոխումների արդյունքներն ու զարգացման հեռանկարները։ Քննարկվեցին նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հայաստանի և Վրաստանի աուդիտի բարձրագույն մարմիններն իրենց զարգացման ծրագրերում սերտ համագործակցում են Գերմանիայի տնտեսական զարգացման կազմակերպության (GIZ) հետ, որի ներկայացուցիչները նույնպես ներկա էին երկօրյա հանդիպումներին։

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն իր ելույթում ընդգծեց նաև տարածաշրջանային համագործակցության կարևորությունը և հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակել էլ ավելի ակտիվ աշխատելու Հաշվեքննիչ պալատ – GIZ – Վրաստանի աուդիտի պետական գրասենյակ ձևաչափով։

Լևոն Յոլյանն իր վրացի գործընկերոջ հետ պայմանավորվեց ավելի հաճախ հանդիպել և միմյանց աջակցել կոնկրետ հաշվեքննությունների մասով։ Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում համագործակցել ավիատոմսերի գնագոյացման և դեղահաբերի շրջանառության հարցերով, ինչի արդյունքում վեր կհանվեն Հայատանում այս ոլորտների ռիսկային կողմերը և պարզ կդառնա Հայաստանում այս ոլորտի համեմատական պատկերը Վրաստանի հետ։

 

 

 

Երեքշաբթի, Հոկտեմբեր 2, 2018