2018թ. մայիսի 15-ին Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ընդունեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի նորանշանակ ղեկավար Յենս Պետերսեն-Թումսերին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հաշվեքննիչ պալատի և GIZ-ի ընթացիկ համատեղ ծրագրերը: Անդրադարձ եղավ հատկապես Հաշվեքննիչ պալատի ՏՏ կարողությունների ուժեղացմանն ուղղված հարցերին:

Հանդիպման ընթացքում Լևոն Յոլյանը նշեց, որ նոր օրենքը պալատին վերապահել է իրավունք, ըստ որի, հանրային հատվածում հաշվեքննության առարկային վերաբերող էլեկտրոնային շտեմարանները պետք է հասանելի լինեն:

Պալատի նախագահն ընդգծեց, որ էլեկտրոնային շտեմարանների հասանելիությունը խնդրի միայն մի կողմն է, քանի որ պալատի ներսում անհրաժեշտ են նաև այնպիսի տեղեկատվավերլուծական գործիքներ, որոնք կհամապատասխանեն հաշվեքննության նպատակներին և առանձնահատկություններին:

Լևոն Յոլյանը հույս հայտնեց, որ նշված երկու ուղղություններով ձեռք բերված պայմանավորվածությունները կընթանան անհրաժեշտ հունով:

Հաշվեքննիչ պալատի նախագահը տեղեկացրեց, որ պալատն արդեն ունի ՏՏ գործիքները հաշվեքննության ընթացքում արդյունավետ կիրառել որոշակի փորձ` օրինակ բերելով 2017թ.-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված վերահսկողության արդյունքները:

Կողմերն անդրադարձան նաև համատեղ ծրագրերի մյուս ուղղություններին: Լևոն Յոլյանն իր գոհունակությունը հայտնեց ՀՀ աշխատակիցների համար պետական գանձապետական համակարգում գործող ավտոմատացված ծրագրերի կիրառմանն ուղղված վերապատրաստմանը և միջազգային հարթակներում ՀՀ հաշվեքննիչ պալատի մասնակցությանը շարունակաբար աջակցելու համար:

Ծրագրի ղեկավար Յենս Պետերսեն-Թումսերը  շնորհակալություն հայտնեց արդեն կատարված համատեղ աշխատանքի համար և վերահաստատեց Հաշվեքննիչ պալատի` վերահսկողությունից հաշվեքննությանը սահուն անցմանն օժանդակելու GIZ-ի պատրաստակամությունը:

Ծանոթություն.

 «Հանրային  ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում ԵՄ պատվիրակությունը և GIZ-ը համատեղ աջակցում են Հաշվեքննիչ պալատի կարողությունների զարգացմանը: Դեռևս 2017թ.-ին կողմերը հաստատել էին վերահսկողությունից հաշվեքննությանը սահուն անցման միջոցառումների ճանապարհային քարտեզը:

Երեքշաբթի, Մայիս 15, 2018